Բանալի բառերը կամ հիմնաբառերը (keyword) SEO-ում
Բանալի բառը կամ հիմնաբառը (keyword) այն բառն է կամ արտահայտությունը, որը օգտատերերը մուտքագրում են որոնողական համակարգերում (Google, Yandex, Yahoo և այլն), որպեսզի գտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, ապրանքները և ծառայությունները:
Որոնողական համակարգերում կայքի առաջխաղացումը ամբողջությամբ կապված է հիմնաբառերի ցանկի կազմման, մշակման, տեղաբաշխման և կայքում օգտագործման հետ։
Որոնողական համակարգերում կատարվող հարցումները լինում են հետևյալ տեսակների՝
Նավիգացիոն (որոնում` ըստ կայքի կամ բրենդի անվան)`
Google, Yahoo
Նոթ․ ամ
Տեղեկատվական (հարցում, որի նպատակը տեղեկատվություն ստանալն է).
Ինչպե՞ս սովորել մեքենա վարել
Հայաստանի տեսարժան վայրերը
Կոմերցիոն/տրանզակցիոն (հարցում, որն օգտատերերը կատարում է որևէ բան գնելու նպատակով)`
Գնել հեռախոս
Էժան հագուստ
Հիմնաբառերի ընտրությունը և դրանց ճիշտ գործածությունը կայքում SEO-ում հաջողելու կարևոր նախապայմաններից է:
Հիմնաբառերի (բանալի բառեր) տեսակներն ըստ կառուցվածքի
Ընդհանուր հիմնաբառեր (Short-tail keywords)
Ընդհանուր հիմնաբառերն ունեն լայն թեմատիկա և բաղկացած են մեկ կամ երկու բառից, օրինակ` դասընթաց, հագուստ, սմարթֆոն, ուղևորափոխադրում, բնակարան և այլն:
Ընդհանուր հիմնաբառերի գլխավոր առավելությունն այն է, որ դրանք ունեն որոնման մեծ ծավալ և այդ հիմնաբառերով կայքը կունենա մեծաթիվ այցելություններ ամսվա կտրվածքով: Սրանց հիմնական թերությունն այն է, որ մրցակցությունը շատ բարձր է, և դժվար է ասել, թե այդ հիմնաբառերով կայք այցելածների քանի տոկոսն է թիրախային:
Երկար պոչով հիմնաբառեր (Long-tail keywords)
Երկար պոչով հիմնաբառերը բաղկացած են երեք և ավելի բառերից, օրինակ` առցանց SEO դասընթաց սկսնակների համար, մատչելի սմարթֆոններ Երևանում,
էժան ուղևորափոխադրում Երևանից Բաթումի: Երկար պոչով հիմնաբառերի առավելությունն այն է, որ դրանք ունեն ցածր մրցակցություն և կոնվերսիայի բարձր տոկոս:
Հիմնական թերություն կարելի է համարել այն, որ ամսվա կտրվածքով դրանց որոնման ծավալը փոքր է, ուստի քիչ կլինեն նաև կայքի այցելությունները:
Ընդհանուր առմամբ` հիմնաբառերի ընտրությունը և ըստ դրանց` կայքի առաջխաղացումը պետք է կախված լինի ձեր բիզնես նպատակներից. ցանկանում եք բարձրացնել բրենդի ճանաչելիությու՞նը, կայքի օրգանիկ թրաֆի՞քը, խթանել վաճառքնե՞րը, թե՞ տրամադրել կրթական բովանդակություն: Միայն այս ամենի ճիշտ համադրությունը կարող է նպաստել կայքի արդյունավետ օպտիմիզացիային և բիզնեսի աճին:
Որոնման հարցումների (բանալի բառեր) տեսակները SEO-ում` ըստ որոնման ծավալի
Կայքի առաջխաղացման SEO ռազմավարություն մշակելիս և թիրախային հիմնաբառեր ընտրելիս շատ կարևոր է նկատի ունենալ ամսվա կտրվածքով դրանց որոնման ծավալը:
Հիմնաբառերն ունեն բարձր, միջին և ցածր որոնման ծավալ:
Բարձր որոնման ծավալ ունեցող հիմնաբառեր
Այն հիմնաբառերը, որոնք ունեն ամսական ≥10,000 որոնում, համարվում են բարձր որոնման ծավալ ունեցող հիմնաբառեր: Օրինակ` «պիցցա», «նորություններ», «մարզական խաղեր»: Բարձր որոնման ծավալ ունեցող հիմնաբառերի առավելություններից է այն, որ դրանք նպաստում են կայքի այցելությունների թվի մեծացմանը և բրենդի ճանաչելիության բարձրացմանը:
Այս հիմնաբատերի հիմնական թերությունն այն է, որ դրանք ունեն բարձր մրցակցություն և քանի որ նշանակում են լայն հասկացություններ, դրանցով երբեմն կայք են գալիս ոչ թիրախային այցելուներ:
Միջին որոնման ծավալ ունեցող հիմնաբառեր
Միջին որոնման ծավալ ունեցող հիմնաբառերն ունեն 1,000–10,000 ամսական որոնում: Օրինակ` «պատվիրել պիցցա», «նորություններ Հայաստանի մասին», «մարզական խաղերի արդյունքներ» և այլն:
Միջին որոնման ծավալ ունեցող հիմնաբառերի առավելությունն այն է, որ սրանցով դասակարգվելը համեմատաբար հեշտ է, և այդ հիմնաբառերով կայքի այցելություններն ավելի թիրախային են:
Ցածր որոնման ծավալ ունեցող հիմնաբառեր
Հիմնականում երկար պոչով հիմնաբառերն (long tail keywords) ունեն ցածր որոնման ծավալ: Օրինակ` «նորություններ Հայաստանի տնտեսության մասին», «պատվիրել պիցցա Երևանում», «մարզական խաղերի արդյունքներ 2025» և այլն:
Ցածր որոնման ծավալ ունեցող հիմնաբառերի առավելությունն այն է, որ դրանք ունեն մրցակցության ցածր մակարդակ, բարձր կոնվերսիա, քանի որ այդ հիմնաբառերով կայք այցելածները, ամենայն հավանականությամբ, պատրաստ են գնում կատարել:
Հիմնական թերությունն այն է, որ այդ հիմնաբառերով կայքի ընդհանուր այցելությությունների թիվը քիչ է:
Ավելի արագ արդյունքի հասնելու համար նախընտրելի է նոր ստեղծված կայքերն առաջխաղացնելիս ընտրել ցածր որոնման ծավալ ունեցող հիմնաբառեր: Այնուհետև ընդլայնել հիմնաբառերի ցանկը` ներառելով նաև միջին և բարձր որոնման ծավալ ունեցող հարցումներ` օգտագործելով հիմնաբառերի պլանավորման և վերլուծության գործիքներ (Google Keyword Planner, Ahrefs, SEMrush և այլն):
Հիմնաբառերի ցանկի կազմման եղանակները SEO-ում
1️⃣ Մտագրոհ (Brainstorming)
Հիմնաբառերի ցանկի կազմման առաջին տարբերակը մտագրոհն է (Brainstorming), երբ կայքի տերն ինքը գրում է այն ապրանքները, ծառայությունները, որոնք ներկայացվելու են իր կայքում, ինչպես նաև այն բառերն ու արտահայտությունները, որոնցով պոտենցիալ հաճախորդները որոնելու են իր կողմից առաջարկվող պրոդուկտները:
2️⃣ Google-ի ավտոմատ լրացման առաջարկներ
Մուտքագրիր քո թեմային վերաբերող բառերը Google-ի որոնման դաշտում և տես, թե ինչ այլ հիմնաբառեր է առաջարկում Google-ը։ Այս առաջարկությունները հիմնված են օգտատերերի հաճախակի որոնումների վրա և կարող են օգնել քեզ՝ բացահայտելու նոր հիմնաբառեր։ Ուսումնասիրիր նաև “People also ask” և “Related searches” բաժինները՝ հայտնաբերելու երկար պոչով հիմնաբառեր։
3️⃣ Հիմնաբառերի պլանավորման գործիքներ
Օգտագործիր որոնողական համակարգերի՝ հիմնաբառերի պլանավորման գործիքներըը`
✅ Google Keyword Planner (Google-ի համար)
✅ Yandex Wordstat (Yandex-ի համար)
Նաև կարող ես օգտվել անվճար և վճարովի այլ գործիքներից՝
✅ Ahrefs
✅ Semrush
✅ Moz
✅ Ubersuggest
✅ և այլն
Այս գործիքները կօգնեն քեզ գտնել նոր հիմնաբառեր, գնահատել դրանց որոնման ծավալը և մրցակցությունը։